Մեր Հայրն Ավետարանն է,
Մայրը Առաքելական Ս.Եկեղեցին:

Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը հիմնադրվել է Կիլիկիայում, տարածվել եւ արմատացել Մայր Եկեղեցու ծիրում: Կիլիկիո Պարպումից հետո (1920-21 թթ) այն տարածվում է հայաշատ վայրերում՝ Լիբանանում - 1921 թ., Սիրիա - 1923 թ., Եգիպտոս, Ֆրանսիա, Կանադա, Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, Ավստրալիա, նաեւ Հայաստանում:

Եղբայրակցությունը միշտ համագործակցել է Մայր Եկեղեցու հետ, բայց պաշտոնական ճանաչումը տեղի է ունեցել 1931 թվին. Լիբանանի կրոնական ժողովի կողմից վավերացվում է Եկեղեցասիրաց Եղբայրակցության կանոնադրությունը ի գործադրությամբ Եղիշե արքեպիսկոպոս Կարոյանի: Հայաստանուն Եկեղեցասիրաց Եղբայրակցությունը գործում է 1948 թվից: Պաշտոնապես ճանաչում է ստանում երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կատողիկոսի կողմից, որը հաստատում թ նաեւ Եղբայրակցության կանոնադրությունը 15 հոկտեմբերի 1991 թ:

Արցախում Եղբայրակցությունը հիմնադրվել եւ լայն տարածում է գտել արցախյան շարժումից մեկ տարի արաջ՝ 1987 թ. եւ այսօր վայելում է Արցախի Հանրապետության հոգեւոր առաջնորդի՝ Պարգեւ Սրբազանի աջակցությունը եւ հովանավորությունը:


ԵԿԵՂԵՑԱՍԻՐԱՑԻ ՍԿԻԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ


Եղիսաբեթ քույր Լաբաշլյանը ծնվել է 1863 Եարփուզում` Կիլիկիա: Եկեղեցին իրենց տան մոտ է եղել եւ տատիկը հավատարիմ, բարի ու լրջամիտ քրիստոնյա լինելով` Եղիսաբեթին սովորեցրել է Եկեղեցի գնալ, աղոթել եւ Աստծուն սիրել:

Դեռ չամուսնացած պարտեզում զբոսնելիս լսել է մի ձայն, որն ասում էր.

- Դու իմ վկան ես լինելու, իմ Խոսքն ես քարոզելու:

Եվ կարծես թե այդ երկնային ձայնն իր սրտի ու մտքի մեջ խոսում եւ ասում է աղջկան, որ չպետք է ամուսնանա, եւ, եթե ամուսնանա, ասում է, ամուսինդ մահանալու է: Այս երեւույթը կրկնվում է մի քանի անգամ: Ծնողքը ցնորական խոսքեր են նկատում նրա ունեցած այս այցելությունը, {2}:

Երբ ծնողքը ուրախությամբ նշանում են նրան, ինքը մի քանի անգամ խնդրում է այդ բանը չանել, բայց նրանք չեն լսում: Մոտ մեկ տարի ամոսնացած լինելով, աղոթք անելիս, մի տեսիլք է տեսնում եւ սկեսուրին ասում. «Ամուսինս հիմա այսինչ լեռան վրա սպանվեց»: Իրոք որ Եարփուզի թուրքերի հետ կատարված մի միջադեպից ամուսինը մահանում է, իսկ Եղիսաբեթը վերադառնում է հայրական տուն: Բոլորը համոզվում են, որ իր կոչման այդ կանչը երկնքից է եղել:

Այրի Եղիսաբեթը վերադառնում ու ապրում էր հայրական տանը, երբ իրիկնային մի գիշեր լսում է իրեն կանչող մի Ձայն: Վազում է եղբոր մոտ ու հարցնում՝ Ի՞նչ ես ուզում: Եղբայրը պատասխանում է. «Գնա՛, քնի՛ր, ես քեզ չեմ կանչել»: Եղիսաբեթը դարձյալ պառկում է քնելու. հանկարծ շուրջ բոլորը լույս է ծագում ու նույն այդ Ձայնն է լսում.

«Քո Տեր Աստվածն է քեզ կանչում»: Եղիսաբեթն Աստծուց պատգամ է ստանում ծոմով աղոթելու այն մարդկանց հետ ում Տերը ցույց կտա:

Կարճ ժամանակ անց մահանում են հայրն ու մայրը. հիմա ազգականներն ու համագյուղացիներից շատերն այդ անժամանակյա մահը համարում են Երկնային Ձայնին անհնազանդ լինելու արդյունք:

Եղիսաբեթը նորից Աստծուց պատգամ է ստանում 40 օր աղոթելու ու ծոմ պահելու: «Դուք պետք է երկնքից զորություն ստանաք ու նվիրվեք հոգիների փրկության գործին»,- ասում է երկնառաք այդ Ձայնը:

Մինչեւ այսօր Եղբայրակցության անդամները հավատարիմ են այս Ավետարանական Պատգամին:

Եղիսաբեթ քույրը ուխտ է անում չամուսնանալ եւ վարել միանձնուհու կյանք` աղոթքով եւ ծոմով Աստծուն ծառայելով: Եարփուզում կատարված այս դեպքերի շնորհիվ նա ճանաչվում է որպես բարեպաշտ եւ ուխտապահ քրիստոնյա:

Այդ ժամանակվա եւ տեղի համար արտասովոր բաներ են կատարվում. կիսագրագետ այդ քույրը մեկեն սկսում է Աստվածաշնչյան տներով երգեր երգել` իր իսկ հորինած հոգեշեն մեղեդիներով, ու դրա հետ մեկտեղ պատմել Աստծո փառքը. պատմում է այնպիսի բաներ, որ Աստված է իրեն հայտնել՝ ասելու մարդկանց եւ այդ բանը կատարում է ոչ միշտ, այլ Աստծո մատնանշած պահերին ու թելադրված վայրում:

Մարդկանց հետ սկսվում են տարօրինակ բաներ կատարվել. շատերը դարձի են գալիս, ապաշխարում, սկսում ջերմեռանդ, աղոթալից մի կյանքով ապրել եւ, որ ամենակարեւորն է, փոխվում է մարդկանց կենցաղը` չար սովորույթներից հրաժարվելով` շատերն սկսում են Աստվածաշունչ կարդալ եւ աղոթել:

Մարմրող կրակը հրդեհ է դառնում` այրելով-սրբելով մեղքի խավարը եւ հագցնելով մարդկանց Աստծո փառքի լույսը (Ն. Շնորհալի, Սարսափելի հողմոյ նման, շարական):

Այդ տարին Եարփուզի ցորենի շտեմարանների վրա հսկելու համար Մուրադյան Պողոս էֆենդին Մարաշից Եարփուզ է ուղարկում Կարապետ Ճենանյանին:

Կարապետ Ճենանյանը այստեղ է գալիս իր ընտանիքով հանդիպում եւ զրուցում Եղիսաբեթ քրոջ հետ եւ այնքան է խանդավառվում Քրիստոսի սիրով, որ այլեւս մոռանում է իր պաշտոնը եւ լծվում է Աստծուն եւ Իր Փրկչին ծառայելու անհուն ջերմեռանդությամբ:

Կրակը սկսում է շատերին ջերմացնել, իսկ նրա արձակած լույսով շատերն են լուսավորվում:

Դարձի է գալիս նաեւ Զեյթունցի վարժապետ Մանուկ Զգոնյանը, որը շարադրում է թրքաբարբառ շատ կրոնական եղերերգեր, որոնք մելամաղձոտ մեղեդիներով սկսվում են երգվել Եարփուզում:

Դարձի եկողները օրեօր շատանում են, սկսում են հոգեզմայլ երգերով, շարականներով եւ սրտաբուխ աղոթքներով Աստծուն փառաբանել: Կարապետ եղբայր Ճենանյանը եւ Եղիսաբեթ քույր Լաբաշլյան զատ-զատ Աստծուց յուրահատուկ մղում են ունենում Եարփուզի մոտի քարայրում ծոմով եւ աղոթքով առանձնանալու եւ Աստծո երեսը փնտռելու ու իրենց հետագա անելիքը Աստծուց տեղեկանալու:

Ինչ եղավ այդ առանձնացման եւ պահքի աղոթքի պատասխանը. մենք շատ քիչ բան գիտենք, բայց մի քանի բան կարող ենք արձանագրել:

Դրանից հետո ամեն օր փոքր խմբով (մոտ 3-5 հոգի) հավաքվել եւ աղոթել են ժողովրդի արթնության համար, քանի որ զանազան բողոքական խմբեր օգնություններ բաժանելով եկեղեցուց բաժանում էին ժողովրդին. եկեղեցում բան չէինք հասկանում,- ասում էին,- իսկ նրանք Ավետարանը մեզ պարզ հասկացնում են: Սրանք էլ որոշում են մի խումբ մեջտեղ բերել (եւ որը փաստորեն Սուրբ Հոգին արդեն սկսել էր), որն ունենա Մայր Եկեղեցու դավանանքն ու վարդապետությունը եւ ինչպես արդեն անում են այդպես էլ ընթանան:

Այդ նույն տարում իր ծննդավայրը այցելության է գալիս Գրիգոր վարդապետ Ոսկերիչյանը, որն այդ շրջանի շրջիկ քարոզիչն է լինում, լսում է կատարված հոգեւոր այդ իրադարձությունների մասին, ինքն էլ մասնակցում այդ փոքրիկ եւ տպավորիչ հավաքներին՝ դարձ եւ մեծ նորոգություն է ունենում, վերանորոգելով իր Ուխտը եւ որոշ իմաստով օգնում մի փոքր կանոնակարգելու այդ հավաքույթները: Նրանք սովորաբար սկսվում էին ոտնկայս Տերունական աղոթքով` «Հայր մեր», որի վերջում ներկաներից մեկը սրտաբուխ աղոթք էր անում, որը ավարտվում էր որեւէ շարական կամ Ս. Պատարագից օրհներգություն երգելով, հաճախ երգում էին նաեւ «Առավոտ լուսոն» մեծ մասամբ «Սեր անուն Հիսուս» տնից մինչեւ վերջ: Հետո բոլորը նստում էին, ավելի ճիշտ նստում էին գետնին: Աղոթաժողովին մասնակցում էին ոտնամանները հանած, հիշելով Մովսեսին տրված Աստծո հրահանգը` Ոտքերիցդ կոշիկներդ հանի՛ր, քանի որ կանգնածդ տեղը սուրբ վայր է (Ելից 3.5):

Երգում էին երգեր, հետո մեկը Աստվածաշունչ էր կարդում եւ քարոզում` պատմում Աստծո մեծամեծ գործերի մասին, որից հետո մեկ կամ մի քանիսի աղոթքից հետո կամ նստած կամ ծնկած երգում էին «Տեր Ողորմյան»: Այնուհետեւ ոտքի վրա երգով կամ առանց եղանակի ասում «Հայր մերն» ու ավարտում: Ովքեր հարցեր ունեին կարող էին զրուցել, մնացածները գնում կամ ունկնդրում էին: Այդ աղոթողներն իրենց անվանում էին «Սիրո ընկերություն» (թուրքերեն իրենք իրենց կոչում էին Մուհապէթճի, որը նույն սեր բառից է):

Այսպես ձեւավորվեց եւ իր գործունեությունը ծավալեց «Սեր միությունը» 1880 թ: Մի քանի տարի հետո (Եարփուզ գալուց երեք տարի անց) Զեյթունի առաջնորդը` Տեր Կարապետ եպիսկոպոս Քեչեյանը` ոգեւորվելով շարժման առաջ բերած արդյունքից Կարապետ Ճենանյանին Ս. Հով¬հան¬նես եկեղեցում ձեռնադրում է քահանա, որը Սրբազան Հոր առաջին քահանայական ձեռնադրությունն է լինում. նորընծայի անունը դնում են Տեր Ղեւոնդ` իրեն օծակից ուներ Պոզպայիր թաղից Նշան եւ Վարդան քահանաները:

ՆՈՒՅՆ ԿԱՆՈՆԻ ՀԱՄԵՄԱՏ

Փիլիպեցիս 3.16

1880-ից մինչեւ 1895-96թթ. Կիլիկիայում մեծ ոգեւորություն էր պատել ամենքին: Մարաշ, Զեյթուն, Եարփուզ, Կոկիսոն, Հաճըն, Վահկա, Շար, Մարաշ, Ադանա, Ալպուստան մեծ բնակավայրերում եւ նրանց շրջակա գյուղերում Սիրո ընկերությունը մեծ հաջողությունների էր հասել:

Արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ:

Շարական

Յորդանան եկած Արարիչն Աստվածն իր օրհնությունները տալու համար եկել էր Կիլիկիա, խեղճ ու չարչարկվող մարդկանց Իրեն հայտնելու, նրանց փրկագնելու Իր Արյամբ եւ Իր ժողովրդին մխիթարելու:

Աստված Իր Հոգին էր թափել ամեն մարմնի վրա.

Մարդիկ մարգարեանում էին,
Տեսիլքներ էին ունենում,
Երազներ էին տեսնում:

Հովել 2.28-32, Գործք 2.17-18

Աստծո Հոգին մի բացառիկ ներգործությամբ խոսում էր մարդկանց սրտերին եւ Երեմիա մարգարեի կանխաձայնումն էր իրականանում.

Եվ այլեւս ամեն մեկն իր ընկերոջը չի սովորեցնելու կամ ամեն մեկն իր եղբորն չի ասելու, թե «Ճանաչի՛ր Տիրոջը», քանզի ամենքը՝ նրանց փոքրերից մինչեւ մեծերը, ճանաչելու են Ինձ,- ասում է Տերը,- որովհետեւ նրանց անիրավությունները պիտի ներեմ եւ նրանց մեղքերն այլեւս չպիտի հիշեմ (31.34):

Մարդիկ մի կողմ էին նետում մեղքն ու անօրենությունը, հեշտությամբ՝ աղոթքով Աստծուն դիմելով, ձերբազատվում էին վատ սովորույթներից, թողնում էին իրենց չար գործերն ու ընթանում Աստվածպաշտության ուղիով. Աստծո Խոսքն էին ընթերցում, հարատեւ աղոթքի ետեւից էին, երգում էին իրենց սրտին հարազատ երգեր եւ եկեղեցիները լեփ-լեցուն էին մարդկանցով, Սուրբ Հաղորդությանը «երկյուղով եւ հավատքով» մոտեցող անկեղծ եւ նվիրյալ Աստծո զավակներով:

Արթնություն էր. հոգեւոր մի Զարթոնք Հայ Եկեղեցու ծոցում:

Եկեղեցասիրացը՝ Սիրո Ընկերությունը, չուներ կառավարման հստակ մեխանիզմներ, խորհրդատու մարմիններ, չէին առանձնացված որոշումներ կայացնող եւ դրանք կյանքի կոչող կառույցները. ամեն աղոթախումբ չուներ իր փոքր տեղական խորհուրդը կամ ավագը. Աստված էր Ամենը ամեն բանի մեջ: Չկային սերտողության հստակ խմբեր. ոչ մեկը մյուսին չէր սովորեցնում, թե ինչ անի եւ ինչպես անի: Մի ներքին մղումով մարդիկ նետվում էին Ավետարանը պատմելու, քարոզելու, վկայելու թե՛ իրենց բնակատեղում, թե՛ շրջակա գյուղերում ու ավաններում: Շատ էին աղոթում ու շատ էին երգում թե՛ Ժամագրքից եւ թե՛ «Սիրո Ընկերության» երգերը: Տերը գործում էր, գործածելով պարզ ու հստակ մարդկանց.

Վերը երկնքում հրաշքներ ցույց տալով, իսկ ներքեւում՝ երկրի վրա նշաններ՝ արյուն, հուր եւ թանձր ծուխ:
Արեւը խավար պիտի դառնա եւ լուսինը՝ արյուն, դեռ Տիրոջ մեծ ու երեւելի օրը չեկած: Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի:>

Գործք 2.19-21

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ