Վաղինակ Ծայրագույն Վարդապետ Մելոյան
Շնորհավորանքներ

Սուրբ Ծննդյան պատգամ

2018

Թանկագին Աստծո, թանկագին զավակներ,

մեծ ուրախությամբ պատրաստվում ենք Աստծո Որդու Ծննդյան մեծ խորհրդին։ Աստծո Որդին դարձավ Մարդու Որդի, որպեսզի մենք` մարդիկս դառնանք Աստծո որդիներ և դուստրեր։ Աստծո Որդու մարմնավոր Ծնունդը պետք է առիթ և պատճառ դառնա մեր հոգևոր ծննդյան։ Մենք երբեք ոչնչից չենք օգտվի, եթե Աստված մարմնով ծնվեց, իսկ մենք չծնվենք հոգով։ Եվ այս առիթով մի քանի ամփոփ մտորումներ եմ ուզում բաժնեկցել ձեզ հետ։ Քրիստոսի Ծննդյան տոնի առիթով մենք մեծ պատրաստություններ ենք տեսնում։ Եվ, դժբախտաբար, մենք պատրաստվում ենք ավելի շատ մեր նմանների համար, փոխանակ պատրաստվելու աննմանի` Աստծո Որդու համար։ Ծննդյան առիթով մեր տներն ենք մաքրում` հյուր ընդունելու համար, բայց մեզանից քանիսն են արդյոք մտածում իրենց սրտերը մաքրելու մասին` Հիսուս Մանկանն ընդունելու իրենց սրտերից ներս։ Ծննդյան առիթով, մենք սեղաններ ենք բացում իրար առջև, բայց մեզանից քանիսն են իրենց սրտերը բացում Հիսուս Մանկան առջև։ Ծննդյան առիթով նոր հագուստներ ենք հագնում, բայց արդյոք Քրիստոսը հագնելու, այլ խոսքով Քրիստոսի նկարագիրը մեր վրա առնելու մասին մտածում ենք։ Նոր հագուստներ ենք հագնում, բայց Քրիստոսի աշխարհ բերած նորոգությունն արդյո°ք ընդունում ենք մեր կյանքից ներս։ Ուրախանում ենք Քրիստոսի Ծննդյան առիթով, բայց արդյոք մեր սրտերի մեջ ունենք Քրիստոսի աշխարհ բերած փրկության ուրախությունը։ Նաև նվերներ ենք տալիս միմյանց, բայց արդյոք մեր կյանքերից ներս ընդունում ենք Քրիստոսի շնորհաց փրկության պարգևը։ Հիշում ենք մեր սիրելիներին և այցելում նրանց Ծննդյան առիթով, բայց արդյոք հիշում ենք մեր սիրելի և մեզ սիրող Հիսուս Մանկանը, ով մեր սիրույն համար Իր կյանքը զոհեց` սիրո թագավորությունը, սիրո հավիտենականությունը շնորհելու մեզ։ Ծննդյան առիթով նվերներ ենք տալիս իրար, հատկապես մեր մանուկներին, բայց արդյոք մտածում ենք Հիսուս Մանկանն էլ նվեր տալու մասին։ Ի՞նչ նվեր կարող ենք տալ Հիսուս Մանկանը. մեր սիրտը, մեղքերով տգեղացած մեր սիրտը Աստծո հայացքով ամենագեղեցիկ նվերն է, որ կարող ենք տալ Իր Որդուն։ Մարդիկ կնեղվեն, եթե տգեղ նվեր տանք իրենց։ Բայց որքան գեղեցիկ է մեր Աստվածը, որ չի նեղվում երբեք` մեղքով տգեղացած, գարշահոտած մեր սիրտը տալու, ընծայելու Իր Որդուն։

Սիրելինե´ր, եկեք այս տարի տոնենք Քրիստոսի Ծնունդը, բայց Ծնյալ Քրիստոսն ունենանք մեր առօրյա կյանքի մեջ։

Չլինի, թե տոնենք ծնունդն առանց Ծնյալի։ Կա՞ աշխարհի մեջ մի ընտանիք, որ իր զավակի տարեդարձն է տոնում, բայց իր զավակը ներկա չէ։ Չկա այդպիսի ընտանիք։ Բայց այսօր, դժբախտաբար, գիտենք, որ շատերը տոնում են Ծնունդը, սակայն Ծնյալը բացակա է իրենց կյանքում։

Թող Սուրբ Հոգին այս գիտակցությունը հաստատի մեր մեջ, որպեսզի Քրիստոսի մարմնավոր ծնունդը դառնա նաև մեր հոգևոր ծնունդը։ Ամեն։

 

Հրավիրում ենք ամենայն հավատացելոց՝ արանց եւ կանանց,
ծերոց եւ տղայոց, ամենայն չափի հասակի հավատացելոց

Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության Հավաքները Երեւանում

 

Չորեքշաբթի ժ.16-ին: Կիրակի ժ. 15-ին

"Շողակաթ" հեռուստաընկերություն (նախկին "Նաիրիտ" մշակույթի կենտրոն)

Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ